Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը խորհրդարանի նախագահին է փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահադ ալ-Ռաշիդի պաշտոնական այցով Քուվեյթ այցելելու հրավերը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ հավաստել, որ 2013 թ. ընթացքում կծրագրի պաշտոնական այցով լինելու Քուվեյթում: Նա վստահություն է հայտնել, որ այցը արդյունավետ կլինի եւ կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը: Պարոն Աբրահամյանը դեսպանի միջոցով իր շնորհակալությունը ու բարեմաղթանքներն է փոխանցել Քուվեյթի խորհրդարանի նախագահին: Նրա համոզմամբ` Ալի Ֆահադ ալ-Ռաշիդի պաշտոնական այցը Հայաստան մեծապես նպաստել է երկկողմ համագործակցության խորացմանը եւ գործակցության նոր եզրեր նախանշելու հնարավորություն է ընձեռել: Նշելով, որ Քուվեյթը հանդիսանում է կապիտալի արտահանման ու ներդրումային լուրջ քաղաքականություն ծավալող երկիր` Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցի ընթացքում քննարկվել են նաեւ այս բնագավառում համագործակցություն ծավալելու հեռանկարները: Դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին նշել է, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան նպաստել է երկու երկրների հարաբերությունների խորացմանը եւ դրական մեծ արձագանք է ստացել իր երկրում: Նա համոզմունք է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի այցը եւս մեկ կարեւոր քայլ կլինի հայ-քուվեյթյան քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են տարբեր ոլորտներում հայ-քուվեյթյան հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
|