Հունիսի 12-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի «Խարբերդ» մասնագիտացված մանկատանը ՀՀ ԱԻՆ օժանդակությամբ, մանկատան աշխատակազմը կազմակերպել էր հրդեհի սցենարով ուսումնական տարհանում:
Ուսումնավարժությանը մասնակցեցին մանկատան ողջ անձնակազմը՝ մոտ 250 հոգի, և մանկատան սաները՝ 265 հոգի, ովքեր հիմնականում մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ են: Ուսումնավարժությանը ներկա էին նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը և ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պ. Գյոզալյանը: Վարժանքի հիմնական նպատակն էր գործնականում ստուգել, ամրապնդել երեխաների և մանկատան աշխատակիցների հմտությունները՝ հրդեհի դեպքում անվտանգության վարքականոնների վերաբերյալ: Ժամը 11.00-ին տրվեց տագնապի ազդանշան, ինչից հետո մանկատան 5 մուտքերից, հաշված րոպեների ընթացքում, տարհանվեցին մանկատան բոլոր սաներն ու աշխատակազմը: Սցենարի համաձայն՝ մանկատանը հրդեհ էր բռնկվել, սակայն պայմանական հրդեհի օջախը ոչ թե շենքի ներսում էր, այլ՝ դրսում, քանի որ մանկատան ներսում ծուխ տեսնելով' մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաները կարող էին հոգեբանական խնդիրներ ունենալ: Մանկատան աշխատակիցները «հրդեհը» մարեցին սեփական ուժերով: Դրա նպատակն էր, ստուգել աշխատակազմի՝ կրակմարիչներից օգտվելու հմտություններն ու սեփական ուժերով հրդեհը մարելու ունակությունները: 

Ամփոփելով Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը կայացած վարժանքի արդյունքները՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանն ասաց. - Այսօրվա ուսումնական տարհանումը բարեհաջող անցավ: Մանկատան աշխատակիցները շատ լավ էին պատրաստված: Բոլորը շատ կազմակերպված դուրս եկան շենքից: ԱԻ նախարարության կողմից այս կարգի հաստատությունների նկատմամբ կա հատուկ ուշադրություն: Կային նաև որոշ թերացումներ, սակայն մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք մանկատանն ու ամրապնդենք փոխգործակցությունը, ինչի արդյունքում նման հաստատություններն ավելի պատրաստված կլինեն արտակարգ իրավիճակներին, իսկ երեխաներն ավելի ապահով ձեռքերում կլինեն: Կատարված աշխատանքի վերաբերյալ իր գնահատականը տվեց նաև Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն՝ ուսումնավարժության ղեկավար, Հ. Բալասանյանը. - Միջոցառման նպատակն էր՝ զարգացնել աշխատակիցների հմտությունները՝ հրդեհի դեպքում, որպեսզի նրանք իմանան իինչպես ճիշտ կազմակերպել տարհանումը: Երեխաներին պետք է հնարավորինս արագ ու ապահով դուրս բերել անվտանգ տարածք: Սա մեզ մոտ կազմակերպված առաջին այսօրինակ միջոցառումը չէր: Առաջին անգամ, տարհանման ժանակ, մասնակիցների մոտ խուճապ կար: Բոլորը միայն տեսականորեն գիտեին, թե ինչ պետք է անել, սակայն այս անգամ ամեն ինչ շատ ավելի կազմակերպված էր: Այսօրվա ուսումնավարժությունը գնահատում եմ բավարար: Միջոցառման վերջում գեներալ-մայոր Գաբրիելյանն ու գնդապետ Գյոզալյանն իրենց մասնագիտական խորհուրդներն ու ցուցումները տվեցին ուսումնավարժության կազմակերպիչներին' հետագայում նմանօրինակ վարժանքներն ավելի էլ բարձր մակարդակով անցկացնելու համար, քանի որ դրանից է կախված, առաջին հերջին, մանկատան սաների անվտանգությունը։
|