Գլխավոր էջ » 2013»Հունիս»14 » Ինչո՞ւ բիոզուգարանների խնդրի վերաբերյալ նյութերը չեն ուղարկվում դատախազություն (տեսանյութ)
20:39
Ինչո՞ւ բիոզուգարանների խնդրի վերաբերյալ նյութերը չեն ուղարկվում դատախազություն (տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը։
Հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Իշխան Զաքարյանին հարցեր տալու համար։ Վերջինիս հարց ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Նրա հարցը վերաբերում էր Հայաստան բերված երկու բիոզուգարաններին։ «Ինչո՞ւ նյութերը չեն ուղարկվում դատախազություն», - հարցրեց Ուրիխանյանը։
«Մենք, Վերահսկիչ պալատի մասին օրենքի համաձայն, ցանկացած վերահսկողության շրջանակներում տալիս ենք տարբեր գնահատականներ։ Մենք շատ մանրամասն նայել ենք գնման փաստաթղթերը, տեղափոխման ծախսերը, մաքսազերծման գումարները. դրանք բոլորը համապատասխանում են այն փաստաթղթերին, որոնք ներկայացված են։ Մենք ուղղակի տեսնում ենք խնդիր, որ գնելուց հետո չի աշխատում, ստուգման պահին երկուսն էլ չի աշխատել։ Մենք հիմա ընդամենն ասում ենք՝ լավ, էտ գնումները կատարել եք, բայց չի աշխատում, ծախսն անարդյունավետ է», - ասաց Իշխան Զաքարյանը։
Տիգրան Ուրիխանյանը, արձագանքելով, կրկին հարցրեց. «Կարծում եք, որ նյութերը դատախազություն ուղարկելու անհրաժեշտություն չկա՞»։
«Մեր օրենքով՝ մենք ուղարկում ենք քրեաիրավական բնույթի խախտումներ, կասկածներ լինելու դեպքում։ Այս պարագայում ֆինանսական ծախսերը մենք նայել ենք հատիկ առ հատիկ», - ասաց Իշխան Զաքարյանը։