Ազգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը։
Հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Իշխան Զաքարյանին հարցեր տալու համար։ Վերջինիս հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ «Թիվ մեկ ամբիոնից Վերահսկիչ պալատի նախագահը ներկայացնում է այս հաշվետվությունը, ես զարմացած եմ ուղղակի։ Ես զարմացած եմ, որ մենք քննարկում ենք մի հարց, որտեղ գործ ունենք, կոպիտ ասած, թալանչիների, յուրացնողների հետ, և մենք որևէ լուրջ քայլ չենք իրականացնում։ Պարո՛ն Զաքարյան, ես զարմացած եմ. այս մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատախազություն, և, ընդհանրապես, սա ոնց որ շարունակական բնույթ է կրում, որովհետև բազմաթիվ ելութներ, հաշվետվություներ են եղել, որ նույն սխալները թերությունները, յուրացումները կրկնվել են։ Ես մի հարց ունեմ Ձեզ։ Երբ դուք քննարկում եք գերատեսչության ղեկավարների, պատկան մարմինների հետ, ի՞նչ պատասխան են տալիս այս յուրացումների մասին, անկեղծ ընդունո՞ւմ են, որ յուրացրել են, և եթե չբռնեին, էլի կյուրացնեին, կտանեին տո՞ւն։ Սրա վերջը ի՞նչ է լինելու։ Խոսում եք ստվերից. բյուջեի իրական փողերը որոշ մարդիկ լափում են, և մենք իրականում ոչ մի քայլ չենք անում։ Ես կուզեի հասկանալ, որ քննարկում եք, մարդիկ ի՞նչ են ասում», - հարցրեց Հովիկ Աբրահամյանը։ Վերջինիս ի պատասխան՝ Իշխան Զաքարյանն ասաց. «Մենք բավականին լայն, մոտ երեք ժամ քննարկում ենք ունեցել ՀՀԿ խմբակցության հետ։ Շատ մանրակրկիտ մենք քննարկել ենք գրեթե բոլոր խնդիրները և խնդիրը հստակ դրված է եղել, որպեսզի կառավարությունը հստակ պատասխանի, թե նախարարները, գերատեսչության ղեկավարներն ինչ են արել ՎՊ-ի ստուգումների արդյունքում։ Դրանից հետո վարչապետը մեկառմեկ բոլորին հարցրել է, թե ՎՊ-ի վերահսկողության արդյուքնում արձանագրված խախտումներն ի՞նչ ընթացք են ստացել։ Հանրապետության վարչապետի հանձնարարականով բոլորի պատասխաններն այս պահին տեղադրված են կառավարության կայք-էջում և ցանկացած պատգամավոր կարող է վերցնել դրանք։ Գրված է այն խախտումը, որն ունի Վերահսկիչ պալատը և կողքը պատասխանը։ Իհարկե կան պատասխաններ, որոնք ընդամենը կարելի է համարել պատասխան։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ունենք 2 խոշոր ուղղություն, որտեղ ունենք խնդիրներ, դա շինարարության և գնումների բնագավառն է»։ Արձագանքելով Զաքարյանի պատասխանին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Չե՞ք կարծում, որ հանրության մոտ տպավորություն կստեղծվի, որ եթե մենք հայտնաբերում ենք այդ թերություններն ու յուրացումները և ոչ մի պատիժ չենք կիրառում, ոնց որ մենք էլ ենք մասնակից այդ գործընթացներին։ Ես կարծում եմ, որ վարչապետը պետք է լուրջ քայլեր անի այս ուղղությամբ»։ ՎՊ նախագահի խոսքերով՝ պատժելիության առումով գուցե այն, ինչ կատարվում է, դեռևս բավարար չէ, «բայց ես կարծում եմ, որ այն, ինչ մենք ներկայացնում և քննարկում ենք, բաց հրապարակային խոսելը նաև այսօրվա իշխանության հստակ դիրքորոշումն է»,- ասաց Զաքարյանը։
|