«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը գոհ է կառավարության եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունից։ Այս խոստովանությունն անակնկալի բերեց կուսակից ընկերոջը՝ Գուրգեն Արսենյանին։
«Ես էս ժողովրդին, նորմալ ժողովուրդ են, ասեցի՝ Մանուկյան Աբոն իմ ընկերն ա, Մանուկյան Աբոյի ասածի հետ կապված ես ունեմ հատուկ կարծիք»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը։
Աբրահամ Մանուկյանն իրենն էր պնդում՝ ինքը ամեն ինչից է գոհ։ Պատգամավորն այսօր բացակայել է 2012-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քվեարկությունից, բայց բյուջեի կատարողականն էլ է նրան բավարարում. «Եթե էս երկիրը չեմ թողել, գնացել, ուրեմն ամեն ինչից էլ գոհ եմ»։
Լրագրողներին անակնկալի բերեց հատկապես ընդդիմադիր պատգամավորի խոստովանությունը, որ իր համար Սերժ Սարգսյանը խորհրդանիշ է, նրան պետք է հանգիստ թողնել
«Նախագահին չի կարելի ընդհանրապես շատ քննադատել ու ասել։ Դուք նայեք էս ամբողջ հանրապետության հոգսը, բեռը մի մարդու ուսերին ա»,-ասաց Աբրահամ Մանուկյանը։
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն ի տարբերություն կուսակից գործընկերոջ, հիացած չէ Տիգրան Սարգսյանի կառավարությունից, փոխարենը Սերժ Սարգսյանը դարձյալ ուրիշ թեմա է. «Արտաքին քաղաքականության ոլորտում, չգիտեմ, պաշտպանական համակարգում եւ այլ, եւ այլն, ընդհանուր վեկտոր կա, ես համարում եմ, որ ինքը նորմալ ա գնում»
Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր՝ Արամ Մանուկյանին չզարմացրեց ընդդիմությունից ԲՀԿ-ական պատգամավորների արտագաղթը իշխանություն, ինքը հասկանում է նրանց.
«Իշխանական մեթոդներն այնքան ագրեսիվ են, այնքան խեղճացնող»։
Ըստ Արամ Մանուկյանի, իշխանությունն ամեն օր է աշխատում ընդդիմադիր պատգամավորների վրա, որպեսզի խեղճացնի յուրաքանչյուրին։
«Ամեն մեկը չէ, որ դիմանում է ճնշումներին»,-ասաց նա։
Չնայած ԲՀԿ-ի դեպի իշխանությունները կողմնորոշվելուն, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչը դեռեւս հույսեր է կապում այդ քաղաքական ուժի հետ. «Մի օր տեսնելու են, որ իրենց բարեկամները սովից, ծանր վիճակից արտագաղթում են»։