Գարեգին Նժդեհի քրոջ դուստր Էմմա Սահակյանը արդեն 1 տարի է` նստացույց է անում նախագահականի դիմաց, սակայն բարձրացրած խնդրին դեռևս լուծում չի ստացել: Չի պատրաստվում դադարեցնել նստացույցը` մինչև իրեն չվերադարձնեն իր ունեցվածքը:
Մեր թղթակցի հետ զրույցում Էմմա Սահակյանն ասաց, որ արդեն երեք տարի՝ 2009-ից, հայտնվել է փողոցում: Նախկինում բնակվել է Օրբելի 8 շենքի բնակարան 73 հասցեում՝ քրոջ տանը, ով ժառանգ չուներ: Քրոջ մահից հետո Էմմա Սահակյանի մյուս քրոջ աղջիկը՝ Սուսաննա Մարգարյանը, կեղծ փաստաթղթերով տիրացել է բնակարանին` առանց Էմմա Սահակյանին զգուշացնելու` հանելով նրան գրանցումից, և բնակարանից գողացել նրա ողջ ունեցվածքը և փաստաթղթերը:
Այսօր պատմելով նախագահական նստավայրի մոտ անցկացրած մեկ տարվա մասին` ասաց.
«Ես ամեն օր ժամը 9-ին Դեմիրճյան-Պռոշյան անկյունում դիմավորում եմ Սերժ Սարգսյանին: Ավտոշարասյունով անցնում է և ուշադրություն չի դարձնում: Ես ուղղակի ապշում եմ, էլի` ինչպես կարելի է մարդու` 75 տարեկան կնոջ նկատմամբ, նման ձևով վարվել: Գոնե երկու րոպե տրամադրի, հետաքրքրվի` որն է պատճառը»: