ՆախաբանՙՄեր հաղթանակների՚ հերթական, նախավերջին հատորում ներկայացված են Բագրատունյաց և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև այդ դարաշրջանի հայկական իշխանությունների hամառոտ ռազմական պատմությունը և ռազմարվեստը: Պատմական այդ դրամատիկ փուլում Հայաստանը պայքարում էր թյուրք-սելջուկների և թաթար-մոնղոլների, ինչպես նաև բյուզանդական և ՙլատինական՚ նկրտումների դեմ: Միևնույն ժամանակ, այդ պատերազմներն իրենց բնույթով տարբեր էին: Եկվոր ցեղերի դեմ պատերազմներն ուղղված էին ոչ միայն մեր պետականության, այլև ազգային-քաղաքակրթական արժեքների պահպանմանը, ինչը պետք է որ համընկներ Բյուզանդիայի և Եվրոպայից եկած խաչակիրների ռազմավարական շահերի հետ: Սակայն մարտավարական բնույթի հակասությունները հայ, բյուզանդական և ՙլատինական՚ ուժերի միջև թույլ չտվեցին ձևավորել դիմադրության ընդհանուր ճակատ, ինչն էլ ժամանակի ընթացքում հանգեցրեց պարտությանը և Առաջավոր Ասիայի քրիստոնեական պետությունների անկմանը: Բոլոր պարագաներում, անգամ այդ բարդ և հակասական ռազմաքաղաքական իրավիճակներում, հայ զորավարների վարած ճակատամարտերը հարստացրել են համաշխարհային ռազմարվեստի պատմությունը: Բավական է նշել Հարսան Մսուրի ճակատամարտում Բարսեղ Կամսարականի կիրառած ռազմական հնարքը՝ ՙսանդղաձև մարտակարգը՚, որում կենտրոնի զորաթևն ավելի հետ էր, քան թևերը: Ռազմարվեստում նոր խոսք էր Զաքարե Զաքարյանի կողմից կիրառված ՙհովհարաձև՚՝ ալիքաձև առաջխաղացումներով հարձակման մարտավարությունը, որը հետագայում կրկնեց նաև Լևոն Բ-ն: Հայկական ռազմարվեստի ավանդույթների պահպանմ ան և զարգացման նման օրինակները, ինչում կհամոզվի մեր ընթերցողը, ավելի քան շատ են: ՙՄեր հաղթանակների՚ երրորդ հատորը տպագրվում է Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և աջակցությամբ, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը քաղաքապետ Կարեն Կարապետյանին:
|